Երկար ժամանակ էր չէի աշխատել մարզիկների հետ, երբ հայտնվեցի կրթահամալիրում, որի համար շնորհակալ եմ տիար Բլեյանին, որովհետև կրթահամալիրում հրաձգության մարզիկներ բացահայտեցի: Իմ կարծիքով, եթե մեր կյանքում մի բան պետք է լինի, ուրեմն կլինի: Զգում էի, որ հաճույքով եմ աշխատում, հետո լավ կրակող հրաձիգներ ունենալու ցանկությունը մեծ էր: Մեր հրաձգարանում փակցրեցի ժամանակակից աշխարհի, օլիմպիական չեմպիոնների նկարները ու իմ սաներին պատմեցի, որ այս հանրաճանաչ մարզիկները իրենց նման սովորական մարդիկ են, որ մի օր էլ նրանք կարող են չեմպիոն դառնալ, հավատացնում եմ ու կոնկրետ նպատակի եմ մղում նրանց: Շատ մրցաշարերի մասնակցեցինք, նկատում էի, որ սաներս նպատակ են հետապնդում լավ հանդես գալ, ձգտում են մասնակցել եզրափակիչ փուլին, որպեսզի մեդալներ ստանան, հետո նրանց շուրթերից լսեցի, որ ցանկանում են ունենալ աշխարհի, օլիմպիադայի մեդալներ: Ես սկսեցի ավելի ոգևորել նրանց, իրենց սպորտային համառությունը էլ ինձ պարտավորեցրեց ավելի լուրջ մոտենալ իմ գործին: Կրթահամալիրի ձմեռային, հրաշալի մրցաշարը մեզ տվեց վեց մեդալ, սաներիս ուրախությանը սահման չկար, այս մեդալը իրենց առաջին մեդալն էր, արդեն քանի օրեր են անցել, բայց միայն ձմեռային խաղերից ստացած մեդալներից ենք խոսում ու բարձրաձայն երազում մեզ հետապնդող հաջողությունների մասին, մեր տեսլական մեդալների մասին, երանի տալիս այն օրվան, երբ Հայաստանի, Եվրոպայի, Աշխարհի, օլիմպիադայի մեդալներ ենք ունենալու: